Եթե ամեն ինչ «ինքնահոսի թողնենք», կանայք չեն կարողանա հավասար մրցել տղամարդկանց հետ: Ըստ TUT.by-ի՝ Բելառուսի Ազգային ժողովի եւ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների առջեւ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ ուրախ է, որ երկիրը հասել է նրան, որ նոր խորհրդարանի ավելի քան մեկ երրորդը «մեր հրաշալի կանայք են»: Լուկաշենկոյի կարծիքով՝ եթե ամեն ինչ «ինքնահոսի թողնենք», կանայք չեն կարողանա հավասար մրցել տղամարդկանց հետ:
«Խնդիրն այն չէ, որ նրանք մեզանից ավելի հիմար կամ անհեռատես են, այլ այն, որ նրանք իրենց ժամանակի մի մասը լրացուցիչ մեզ են տրամադրում. ոմանք՝ խոհանոցում, ոմանք՝ երեխաների հետ»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող իշխանություններին մեղադրել նրանում, որ չեն սատարում կանանց:
Հիշեցնենք, որ Բելառուսի Ներկայացուցիչների պալատի 110 պատգամավորներից 38-ը ներկայում կանայք են. 9-ով ավելի, քան նախկին կազմում:




























