Մարոկկոյում խորհրդարանական ընտրություններ են: Քվեարկության առաջին ժամերին ընտրողների ակտիվությունը մեծ չէ՝ շուրջ 10%: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:
Սպասվում է, որ ընտրողների ակտիվությունը կմեծանա աշխատանքային օրվա ավարտից եւ ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո:
Մարոկկոյի թագավորությունում ընտրություններ երկրորդ անգամ են անցկացվում՝ ժողովրդավարական բարեփոխումներից հետո, որոնք Մուհամմեդ VI-ը կատարել է 2011 թվականին տարածաշրջանում «արաբական գարնան» իրադարձություններից հետո:
2011 թվականին կայացած առաջին ընտրությունների արդյունքում հաղթել էր չափավոր իսլամական «Արդարություն եւ զարգացում կուսակցություն»-ը:
Ընտրություններում հաղթած ուժը վարչապետ առաջադրելու եւ նոր կառավարություն ձեւավորելու իրավունք կստանա:
Երեքշաբթի երկրի իշխանությունները հաղորդել էին ահաբեկչություն կանխելու մասին, որը մի խումբ կանայք ծրագրել էին իրականացնել ընտրությունների ժամանակ:



























