Սանկտ Պետերբուրգի կապի սրահում տղամարդը iPhone 6s-ը փոխանակել է մեկ տուփ օճառի հետ: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով շրջանային ՆԳ վարչության մամուլի ծառայությանը:
Հաճախորդը խանութ է եկել՝ խնդրելով իրեն ցույց տալ iPhone 6s-ը եւ սմարթֆոնի աքսեսուարները: Քանի որ ցուցափեղկին անհրաժեշտ սարքեր չէին մնացել, խորհրդատուն պահեստից սարքով տուփ է բերել: Երբ խանութի աշխատակցի ուշադրությունը շեղվել է, տղամարդը սմարթֆոնով տուփը փոխել է նույնպիսի տուփով, որը, սակայն, օճառ էր պարունակում: Փոխելուց հետո տղամարդը վաճառողին ասել է, որ մեքենայի մեջ է մոռացել փաստաթղթերը, դուրս է եկել խանութից եւ ուղեւորվել այլ շրջանում գտնվող շուկա՝ գողացած iPhone 6s-ը վաճառելու:
Շուտով կասկածյալին հայտնաբերել են: Նա Պետրոզավոդսկի 42-ամյա բնակիչ է: Տղամարդը խոստովանել է կատարածը: Փաստով քրեական գործ է հարուցվել «Խարդախություն» հոդվածով: Կասկածյալին ազատ են արձակել ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց կիրառելով:




























