Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ քննարկելու Սիրիայի խնդիրը: Այս մասին Օլանդը հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:
«Շատ կարեւոր է ազնիվ զրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, այդ պատճառով ես առաջարկում եմ հանդիպել նրան եւ վերջ տալ պայթյուններին»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:
Օլանդն ընդգծեց, որ Պուտինը ցանկություն ունի առաջիկայում այցելել Փարիզ, ինքը կհամաձայնի այդ այցին, եթե Պուտինը համաձայնվի քննարկել Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Օլանդը նշեց նաեւ, որ այս հարցով քննարկումներ եւ բանակցություններ են անհրաժեշտ նաեւ Թուրքիայի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը որոշել է չեղարկել Փարիզ նախանշված այցը՝ «ծրագրից դուրս մնացած միջոցառումների պատճառով»:
«Նախագահը որոշեց չեղարկել այդ այցը: Բանն այն է, որ որոշ միջոցառումներ էին ծրագրված՝ կապված ռուսական հոգեւոր-մշակութային կենտրոնի բացման հետ, ցուցահանդեսի բացում: Ցավոք, այդ միջոցառումները դուրս մնացին ծրագրից, այդ պատճառով նախագահը որոշեց առայժմ չեղարկել Ֆրանսիա կատարելիք այցը»,- ասել է Պեսկովը:
Այցի ծրագրից այդ միջոցառումների դուրս մնալու հարցը պարզաբանելու խնդրանքին Պեսկովը պատասխանել է. «Այդ հարցը հարկավոր է հասցեագրել ֆրանսիական կողմին»:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ




























