Պեկինը Վաշինգթոնին կոչ է արել հրաժարվել Կորեական թերակղզում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումից: Այս մասին հայտարարել է Չինաստանի ներկայացուցիչ Վան Չուն՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 71-րդ նստաշրջանի առաջին կոմիտեում: Նա հայտարարել է, որ այդպիսի քայլը խափանում է տարածաշրջանային կայունութունն ու անվտանգությունը:
Վան Չուն ընդգծել է, որ Կորեայում ԱՄՆ THAAD ՀՀՊ-ի տեղակայումը, որը նախատեսված է մեծ բարձրությամբ թռչող բալիստիկ եւ այլ տեսակի հրթիռները որսալու համար, չի նպաստում թերակղզու ապամիջուկայանացմանը հասնելու նպատակին: Չինաստանի ներկայացուցիչը Միացյալ Նահանգներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների օրինական մտահոգություններին եւ դադարեցնել հակահրթիռային համակարգերի տեղակայումը:
Ի պատասխան՝ ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Կորեայում THAAD ՀՀՊ-ի տեղակայումը բացառապես պաշտպանական միջոցառում է, որը կապված է Փհենյանից բխող սպառնալիքի հետ: «Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար մեծ սպառնալիք է ներկայացնում: ԱՄՆ պաշտպանական համակարգը վնաս չի հասցնի Չինաստանի կամ Ռուսաստանի զսպման ռազմավարական միջոցներին»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:




























