Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա, որտեղ հոկտեմբերի 12-14-ին պաշտոնական հանդիպումներ կունենա ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցելու են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի եւ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվելու են կանխարգելման ազգային մեխանիզմների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ ԵԱՀԿ մակարդակում այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարհները Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տասը տարի անց: