Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են սիրիական Հալեպում մարդասիրական ավտոշարասյան գնդակոծությանը Մոսկվայի մասնակցության մասին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի խոսքերը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Ջոնսոնին առաջարկել է իր պնդումների ապացույցներ ներկայացնել:

Կոնաշենկովը նշել է, որ բրիտանական քաղաքական վերնախավի առանձին անդամների «ռուսատյաց հիստերիան» վաղուց արդեն լուրջ տպավորություն չի թողնում: Ռուս գեներալը Ջոնսոնի խոսքերն անվանել է «փոթորիկ մեկ գավաթ լոնդոնյան պղտոր ջրում»:

Կոնաշենկովը հիշեցրել է, որ առայժմ միայն ռուս զինվորականներն են մարդասիրական շարասյան իրական տեսագրություն հրապարակել: Դրանում, մասնավորապես, արձանագրված է մեծ տրամաչափի ականանետ, որը շարասյան կազմում է եղել: ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ գիտեն «այդ թեմայի շուրջ ամերիկյան գործընկերների հետաքրքրության նվազման» հստակ պատճառը:

«Հալեպում մարդասիրական ավտոշարասյան շրջանում ռուսական ոչ մի օդանավ չի եղել: Դա փաստ է: Իսկ ձեր կողմից հնչեցված իբր «ապացույցները» ոչինչ չեն արժենա, եթե իսկապես դրանք որեւէ մեկին հասանելի դառնան»,- հայտարարել է Կոնաշենկովը: