Ահաբեկչության մեջ կասկածվող 22-ամյա սիրիացի փապստական Ջաբեր ալ-Բաքրին Լայպցիգի բանտում կախված են գտել: Սաքսոնիայի արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ նա ինքնասպան է եղել, չնայած մշտական հսկողությանը, որը սահմանվել էր՝ կապված հացադուլ հայտարարելու եւ ինքնասպանության հակվածության կասկածների հետ: Այս մասին հաղորդում է DW-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում գտնվելու ընթացքում ալ-Բաքրը որոշ ժամանակով Սիրիա է մեկնել: Մի քանի աղբյուրների տվյալներով՝ 2015 թվականի աշնանը նա առնվազն երկու անգամ Թուրքիա է մեկնել եւ առնվազն մեկ անգամ՝ Սիրիա: Իսկ անցյալ ամառ նա երկար ժամանակ կրկին Թուրքիայում է եղել:

Ջաբեր ալ-Բաքրը որպես ապաստան որոնող սիրիացի Գերմանիա է ժամանել 2015 թվականի սեպտեմբերին, որտեղ էլ փախստականի կարգավիճակ է ստացել: Ոստիկանությունը կասկածյալին հետեւում էր 2016-ի սեպտեմբերի սկզբից, ահաբեկչական գործունեությանը նրա մասնակցության մասին տեղեկություն ստանալուց հետո:

Ենթադրվում է, որ ԻՊ-ի հանձնարարությամբ ալ-Բաքրն ահաբեկչություններ էր նախապատրաստում Բեռլինի օդանավակայաններում կամ երկաթուղային տրանսպորտում: