Հայաստանի եւ արաբական աշխարհի միջեւ ձեւավորվել են սերտ կապեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի եւ արաբական աշխարհի միջեւ ձեւավորվել են սերտ կապեր, որոնց հիման վրա հաջող զարգանում են միջպետական հարաբերությունները: Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել նաեւ երկկողմ տնտեսական կապերը, ինչի համար առկա են բավարար ներուժ եւ հնարավորություններ: Այս առումով Կարեն Կարապետյանը կարեւորել է երկկողմ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Հայաստանում ԱՄԷ դեսպանը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջեւ ծավալված արդյունավետ համագործակցությունն այսուհետ եւս կզարգանա եւ կամրապնդվի:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած վերջին տարիներին երկկողմ կապերը դինամիկ զարգանում են, եւ արձանագրվել է առեւտրաշրջանառության ծավալի աճ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել այն առավել ընդլայնելու եւ խորացնելու ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում գործակցության հեռանկարներին, քննարկել ներդրումների ներգրավմանը եւ խրախուսմանը վերաբերող հարցեր: