Հոկտեմբերի 19-ի գիշերը Ֆրանսիայում շարունակվել են ոստիկանների բողոքի ցույցերը՝ ուղղված իրավապահների նկատմամբ վերջին հարձակումների դեմ։ ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը հրատապ կարգով կընդունի արհմիությունների ներկայացուցիչներին, որոնցից մեկը կոչ է արել հոկտեմբերի 26-ին «լռության երթ» կազմակերպել, փոխանցում է RFI–ն։

Փարիզից ոչ հեռու՝ Էվրի քաղաքում, մոտ 400 ոստիկան բողոքի ակցիայի էին դուրս եկել՝ ի աջակցություն տուժած գործընկերների։ Մի քանի տասնյակ ոստիկաններ նորից հավաքվել էին Փարիզի Սեն Լուի հիվանդանոցի մոտ, որտեղ բուժում է ստանում նրանց գործընկերը։

Նշենք, որ Վիրի Շատիյոն քաղաքում երիտասարդ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետել ոստիկանական մեքենայի վրա։

Արհմիություններից մեկը կոչ է արել լռության երթ կազմակերպել, որպեսզի արտահայտի ոստիկանների եւ քաղաքացիների զայրույթը։

Ազգային ոստիկանության ղեկավար Ժան Մարկ Ֆալկոնը RTL–ի եթերում հայտարարել էր, որ հասկանում է ոստիկանների վրդովմունքն ու տագնապը, սակայն կոչ է արել դադարեցնել բողոքի ցույցերը։