ԱՄՆ նախագահական ընտրություններից 20 օր առաջ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում երրորդ եւ վերջին հեռուստաբանավեճի ընթացքում բանավիճել են աբորտի իրավունքի, ամերիկացիների զենք կրելու իրավունքի եւ Վլադմիր Պուտինի շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Բանավեճն սկսվել է Նեւադայի համալսարանում: ԱՄՆ նախագահի թեկնածուները հրաժարվել են միմյանց ձեռքը սեղմելուց: Ձեռքսեղմում չի եղել նաեւ բանավեճի ավարտից հետո: Զուսպ սկսված բանավեճն աստիճանաբար վերածվել է թեժ վեճի, որի ընթացքում ընդդիմախոսներն անընդհատ իրար ընդհատել են:

Դմոկրատական կուսակցության թեկնածուն խոստացել է պաշտպանել աբորտի իրավունքը: Իսկ Թրամփը համոզմունք է հայտնել, որ իր ընտրվելու պարագայում Գերագույն դատարանը կչեղարկի աբորտի օրինականացման որոշումը:

Նրանց կարծիքները տարբերվել են նաեւ ապօրինի միգրացիայի հարցում: Թրամփը կրկնել է, որ ԱՄՆ հարավային սահմանների երկայնքով պատ կկառուցեր, որպեսզի կասեցներ երկիր ժամանող ապօրինի միգրանտների հոսքը: Քլինթոնը կենտրոնացել է իր մրցակցի պլանների քննադատության վրա՝ նշելով, որ բոլոր ապօրինի միգրանտների արտաքսումը կհանգեցնի նրան, որ ընտանիքներն իրարից բռնի կբաժանվեն:

Նրանք անդրադարձել են նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին: Թրամփի դիտողությանը, թե Պուտինը Քլինթոնին «չի հարգում», դեմոկրատ թեկնածուն պատասխանել է, որ Ռուսաստանի նախագահը պարզապես կցանկանար, որ նախագահական աթոռը զբաղեցներ իր դրածոն՝ ակնհայտորեն ակնարկելով Պուտինին իր մրցակցի աջակցությունը: