Wikileaks կայքը շարունակում է մաս- մաս հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակները։ Այս անգամ հրապարակված նամակներից մեկը վերաբերում էր Հայոց ցեղասպանության թեմային։

Նամակը Ջոն Պոդեստան գրել էր 2015-ի ապրիլի 19-ին ու հասցեագրել Ջեք Սալիվանին՝ Քլինթոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականին։ Նամակում Պոդեստան նախազգուշացնում է , որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական համայնքը շտաբից ազդանշան է սպասելու այն մասին , արդյոք Քլինթոնը մտադիր է այդ իրադարձությունը «ցեղասպանություն» կոչել։ «Որպես սենատոր ու թեկնածու՝ Քլինթոնը միանշանակ դիրքորոշում է ունեցել ցեղասպանության ճանաչման հարցում։ Իսկ որպես պետքարտուղար նա «ցեղասպանություն» տերմինը չի գործածել, այլ ավելի շատ կենտրոնացել է Թուրքիայի ու Հայաստանի ապագա հաշտեցման թեմայի վրա»,- նշվում է նամակում։ Պոդեստան շեշտում է, ո ր Սպիտակ տունը ջանասիրաբար խուսափում էր «ցեղասպանություն» բառը գործածելուց։

«Կա ներքին բանավեճ այն մասին, որ պետք է փոխել այս իրադրությունը՝ հաշվի առնելով, որ սա 100-րդ տարելիցն է։ Բայց ամենայն հավանականությամբ ոչինչ չի փոխվի»,- գրել է նա։

Պոդեստան նամակում նաեւ հարցնում է շտաբի դիրքորոշման մասին «Բոլորը համաձա՞յն են, որ Քլինթոնը պետք է ընդունի այն դիրքորոշումը, որը ունեցել է որպես սենատոր ու թեկնածու, նույնիսկ եթե նա այդ դիրքորոշումը չի ունեցել Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Բոլո՞րն են համաձայն, որ մենք պետք է սպասենք, մինչեւ մեզ կհարցնեն, եւ առաջ չանցնենք իրադարձություններից»։