Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» խորագրով քննարկումներին ի թիվս կազմակերպության այլ անդամ-երկրների հոկտեմբերի 21-ին եւ 22-ին ելույթներ են ունեցել նաեւ Հայաստանն եւ Ադրբեջանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս ներկայացուցիչն ընթերցել է մի հայտարարություն, որը ակնհայտորեն դուրս էր քննարկման համատեքստից եւ գրեթե բառացիորեն կրկնում էր անցյալ տարիների ադրբեջանական քարոզչական զինանոցի ծեծված փաստարկները` Հայաստանի այսպես կոչված «ագրեսիայի», «զավթողական քաղաքականության», «էթնիկ զտումների» մասին:

Իր ելույթում Հայաստանի ներկայացուցիչը նախ անդրադարձել է ՄԱԿ-ի զինաթափման օրակարգում վերջին ամիսների ընթացքում գրանցած ձեռքբերումներին` հայտնելով այս ուղղությամբ տարվող աշխատանքներին Հայաստանի անվերապահ աջակցությունը եւ համագործակցելու պատրաստակամությունը: Անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգության հարցերին` Հայաստանի ներկայացուցիչը կարեւորել է զինաթափման բնագավառում միջազգային հանձնառությունների անվերապահ ու լիակատար իրականացումն ու ընդգծել առկա սպառազինությունների վազքի վտանգը միջազգային ու տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից:

Ելույթներին հաջորդած քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն անդրադարձել է նաեւ միջազգային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի փորձերին` ներկաների ուշադրությունը հրավիրելով այդ երկրի ռազմական բյուջեի աննախադեպ աճի եւ 2000 թվականից ի վեր սպառազինության թափանցիկության ապահովմանն ուղղված ՄԱԿ-ի տարեկան զեկույցներին համապատասխան տեղեկատվություն չտրամադրելու փաստերին: Պատվիրակությունն ընդգծել է, որ հարեւան երկրի նման քաղաքականությունն էլ ավելի է վտանգում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը` փակուղի տանելով առկա հիմնախնդիրներին լուծմանն ուղղված միջազգային ջանքերը:

Օրերս ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարի «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակներում» խորագիրը կրող զեկույցը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի խախտման խնդրին: