Իսպանացի նախաձեռնող բուքմեյքերները ցանկություն են հայտնել գնել Պաուլ անունով ութոտնուկի մարմինը, որը նախօրեին կյանքի 3-րդ տարում մահացել է գերմանական Օբերհաուզեն քաղաքի ակվարիումներից մեկում: Այս ամառ ութոտնուկը գուշակել էր Իսպանիայի հավաքականի հաղթանակն ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Առաջնության ավարտից հետո, ութոտնուկը դարձել էր Իսպանիայի ազգային հերոսը եւ իսպանական քաղաքներից մեկի պատվավոր քաղաքացին:
Պաուլը նաեւ թշնամիներ ուներ, որոնք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պարտված հավաքականների երկրպագուներն են: Նրանք ինտերնետը ողողել էին ութոտնուկից պատրաստվող ուտեստների բաղադրատոմսերով: իսկ Արգենտինայի հավաքականի երկրպագուները, ութոտնուկի «վատ» կանխատեսումների համար խոստացել էին Պաուլից սուպ պատրաստել:
Ամբողջ աշխարհը զարմացած էր, որ ութոտնուկն այդպիսի ճշգրտությամբ գուշակում էր ֆուտբոլային խաղերի հաղթողներին:
Պաուլ ութոտնուկի թշնամիների ու բարեկամների ակտիվությունը չէր դադարում: Բանը հասել էր անգամ նրան, որ Իսպանիայի արդյունաբերության, առեւտրի ու տուրիզմի նախարար Միգել Սեբաստիանն ասել էր, որ «ութոտնուկին պետք է տեղափոխել Իսպանիա եւ հռչակել ազգային հերոս»:
Հիմա, երբ ութոտնուկը մահացել է, որոշում է կայացվել նրա մարմինն այրել եւ թաղել հատուկ գերեզմանում:
Sea Life-ի աշխատակիցները պատրաստվում են հուշահամալիր կառուցել հայտնի ութոտնուկի պատվին: «Մեմորիալի էկրանին մենք կցուցադրենք ութոտնուկի կյանքի ամենագեղեցիկ, ամենահուզիչ ու ամենանշանավոր պահերը: Բացի այդ, մենք ցուցահանդես կկազմակերպենք այն նվերներից, որոնք ութոտնուկին ուղարկել են աշխարհի բոլոր ծայրերից: Կցուցադրենք նաեւ Պաուլի աճյունասափորը»,- ասել է օկեանարիումի տնօրեն Շտեֆան Պորվոլը, հավելելով, որ օրերս օկեանարիում են բերել նոր ութոտնուկ, որին ի պատիվ Պաուլի կոչել են Պաուլ-2:
Նշենք, որ Պաուլը մահացել է ծերությունից:
Հիշեցնենք, որ ութոտնուկ Պաուլը ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ճիշտ էր գուշակել Գերմանիայի հավաքականի բոլոր արդյունքները: Ութոտնուկը նաեւ ճիշտ էր գուշակել աշխարհի չեմպիոնին եւ բրոնզե մեդալակրին:



























