Google-ը հրաժարվել է սեփական ինքնակառավարվող մեքենաների թողարկումից. փոխարենը կորպորացիան կհամագործակցի այլ ավտոարտադրողների հետ՝ ստեղծելով ինքնակառավարվող մեքենաներով տեղափոխման համար ծառայություն: Այս մասին գրում է vc.ru-ն:
Ենթադրվում է, որ այդ նախագիծը իրականացնելու համար Google-ի առաջին գործընկերը Fiat Chrysler-ը կլինի, որը կորպորացիայի համար Pacifica միկրոավտոբուսի հիմքի վրա ինքնակառավարվող մեքենա է նախագծում:
Եթե մեքենայի փորձարկումները հաջողությամբ իրականացվեն, ապա մինչեւ 2017 թվականի վերջ մոտ հարյուր այդպիսի մեքենաներ կօգտագործվեն Google-ի ծառայության մեջ: Fiat Chrysler-ի հետ համագործակցության մասին ընկերությունը հայտարարել էր 2016 թվականի մայիսին:
The Information պարբերականի տվյալներով՝ ինքնակառավարվող մեքենաների թողարկան ծրագիրը կանգնեցվել է Alphabet-ի ղեկավար Լարրի Փեյջի եւ ընկերության ֆինանսական տնօրեն Ռութ Փորաթի կողմից: Նրանց կարծիքով՝ ինքնակառավարվող մեքենայի թողարկումը ոչ պրակտիկ քայլ է:
Որոշումը բուռն քննարկումների եւ վեճերի առիթ է դարձել Google X էքսպերիմենտալ ծրագրերի դեպարտամենտում, իսկ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը ակտիվորեն պաշտպանել է նախագիծը՝ պնդելով, որ ընկերությունը ինքնակառավարվող մեքենա պետք է ստեղծի սեփական ուժերով:
The Verge-ը նշում է, որ դեկտեմբերի 13-ին Google-ն ինքնակառավարվող մեքենաների հետ կապված հայտարարություն կանի:
Ավելի վաղ Google-ը ներկայացրել էր սեփական ինքնակառավարվող մեքենաների պրոտոտիպը, որոնցից մեկը առանց ղեկի էր եղել, մյուսը՝ ստեղծվել էր Lexus-ի հիմքի վրա:






























