Bloomberg-ի վարկանիշով մոլորակի ամենահարուստ մարդիկ տարեսկզբից հարստացել են 237 մլրդ դոլարով (5,7 տոկոս), նրանց ընդհանուր կարողությունը հասել է 4,4 տրլն դոլարի, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index-ի տվյալները:
Նրանք շահել են գերազանցապես քաղաքական լանդշաֆտի փոփոխությունների հաշվին, որոնք ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պոպուլիստ քաղաքական գործիչների հաղթանակի հետեւանք են: Ի դեպ, տարվա ընթացքում նրանց կարողության չափը բազմիցս փոփոխվել է:
Հարստության աճի տեմպերով առաջին հորիզոնականում է Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը մեկ տարում աճել է 19 տոկոսով, մինչեւ 71,4 մլրդ: Դա տեղի է ունեցել Թրամփի անսպասելի հաղթանակից հետո Berkshire Hathaway Inc.-ի արժեքի բարձրացման շնորհիվ:
«2016-ն ավելի շատ նորություններով, քան արմատական գործոններով է որոշվել»,- կարծում է Ascent Private Capital Management-ի նախագահ Մայքլ Քոուլը: Նրա կարծիքով՝ ներկայումս շուկաները կառավարվում են այն հավատով, որ Թրամփը ԱՄՆ-ում տնտեսական մի շարք ոլորտների կարգավորումը կթուլացնի:
Ի դեպ, անհատական հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Microsoft կորպորացիայի ղեկավար Բիլ Գեյթսը՝ 91,5 մլրդ դոլար:




























