Հայաստանը ՝ սպառազինություն ձեռքբերելիս մանրակրկիտ հաշվարկված քաղաքականություն պետք է վարի եւ առաջնորդվի երեք կարեւոր սկզբունքներով: Այդ մասին երեկ՝ հունվարի 20-ին Դիլիջանում զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի՝ երեք ճանապահ կա: «Դրանցից մեկը հետեւյալն է. չկրկնել Ադրբեջանին: Այսինքն, եթե նրանք 30 միլիոն դոլար են տալիս եւ գնում են ինքնաթիռ, ապա մենք պետք է ավելի քիչ գումարով ձեռք բերենք հակաօդային պաշտպանության միջոց: Ես չեմ ասում, որ մենք ինքնաթիռ չպետք է ունենանք: Մենք պետք է ունենանք նվազագույն անհրաժեշտը: Եթե նրանք 2.5 կամ 3 միլիոն դոլար են տալիս եւ գնում են T-90 կամ T-92, մենք պետք է առաջին հերթին հակատանկային միջոցներ գնենք, ինչը շատ ավելի էժան է: Եվ քանի որ մենք հարձակողական գործողությունների նպատակ չունենք, այս պարագայում հակատանկային միջոցները ավելի քան բավարար են»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ կրկնելով, որ չպետք է կարեւորենք միայն քանակը:

Երկրորդ քայլը, ըստ Սարգսյանի, ազնիվ գնումներն են: «Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ բոլոր այդ գնումները լինեն ազնիվ եւ նույն ապրանքատեսակը, նաեւ մեր ճկուն բանակցության շնորհիվ,  գնենք շատ ավելի էժան գնով»,-ասել է նա:

Երրորդ սկզբունքն էլ այն է, որ մենք մեր ունեցած զինատեսակներին պետք է տիրապետենք շատ ավելի լավ, քան ադրբեջանցիները, ունենանք շատ ավելի պրոֆեսիոնալ անձնակազմ: «Այլ ճանապարհ չկա: Այս 3 սկզբունքներով առաջնորդվելով՝ ամբողջովին ի վիճակի ենք վիճակը պահել հավասարակշիռ»,-վստահեցրել է Սերժ Սարգսյանը: