Եվրոպայից «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբավորումների շարքերում մարտնչող զինյալների դեմ պայքարում Եվրոպոլը հույս ունի տվյալներ ստանալ ամերիկյան զինվորականներից, որոնք ձեռք են բերվել, մասնավորապես, Սիրիայում եւ Իրաքում: Այս մասին հաղորդում է «DW»-ն՝ վկայակոչելով Funke Mediengruppe-ն:
Խոսքը, մասնավորապես, ջիհադականներից առգրավված զենքից ստացված մատնահետքերի, մահապարտների կամ սպանված զինյալների ԴՆԹ-ի մասին է:
Գերմանական պարբերականի տվյալներով՝ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն սկսել են աշխատել ամերիկյան ՀԴԲ-ի հետ:
Ամերիկյան գործընկերների հետ բանակցությունների հաջողությամբ շահագրգռված են հատկապես Գերմանիայի արդարադատության մարմինները, որոնք ակտիվորեն զբաղվում են, առաջին հերթին, Սիրիայում ռազմական հանցագործություններով:
Դաշնային դատախազությունը Դյուսելդորֆում ենթադրյալ ռազմական հանցագործի ձերբակալության թույլտվություն է տրամադրել, որին կասկածում են «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման շարքերում պատերազմելու ժամանակ Սիրիայում 36 կառավարական ծառայողի սպանության մեջ:



























