Տնտեսական իրադրության պատճառով Ադրբեջանի բնակչությունն ապակողմնորոշված, վախեցած եւ տագնապած է՝ սպասելով ավելի վատ ժամանակների: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կառավարությունը փորձում է հանգստացնել ժողովրդին՝ բոլորին, ինչպես եւ իրեն, վստահեցնելով, որ ճիշտ «ճանապարհային քարտեզները» երկիրը դուրս կբերեն ճգնաժամից:

Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ յուրաքանչյուր հինգերորդ ավանդատու փակել է բանկային հաշիվը, ընդ որում՝ ոչ միայն ազգային արժույթով: Մանաթի հանդեպ անվստահությունն այնքան մեծ է, որ, ԿԲ-ի տվյալներով, բոլոր դեպոզիտների ավելի քան 80%-ն արտարժույթով է:

Փորձելով վերլուծել ֆինանսական հատվածի ապագան՝ փորձագետները դեռեւս լավատեսության հիմք չեն տեսնում: Հուսադրող չեն նաեւ միջազգային վարկանիշային ընկերությունների կանխատեսումները: S&P գործակալության հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանի ինքնիշխան վարկային վարկանիշը, որն անցյալ տարի նվազել էր՝ հասնելով «աղբային» մակարդակի, բացասական կանխատեսում ունի:

S&P-ի փորձագետներն անհրաժեշտ են համարում հետագայում եւս ազգային արժույթի փոխարժեքի նվազումը, երկրի վճարային բալանսի դեֆիցիտը կրճատելու համար:

Թուլացող մանաթը կխոչընդոտի ներկրումը, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարի: Արդյունքում վճարային բալանսի դեֆիցիտը հասավ 5 մլրդ դոլարի՝ 2015 թվականի 11 մլրդ-ի փոխարեն:

Երկնիշ գնաճն ու կոմունալ ծառայությունների աճն առավելապես խոցել են բնակչության անպաշտպան շերտերին՝ անապահովներին, թոշակառուներին եւ հաշմանդամներին:

Միջազգային ֆինանսական կառույցները՝ Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Զարգացման ասիական բանկը եւ այլն, չնայած չնչին, բայց աճ, ամեն դեպքում, ակնկալում են՝ 1%-ի չափով:

Արդյո՞ք սա խոսում է այն մասին, որ ճգնաժամի «հատակին» են հասել, թե՞ միջազգային տնտեսական ֆոնը բարենպաստ ազդեցություն կունենա երկրում  իրադրության կայունացման վրա, կարեւոր չէ:

Կառավարության ճկուն քաղաքականությունից է կախված, կկարողանա՞ երկարաժամկետ եւ կայուն բարենպաստ պայմաններ ստեղծել երկրի տնտեսության գլխավոր փրկարարների՝ անհատ ձեռնարկատիրության համար:

Այս գնահատականների եւ մոտեցումների արդյունքում մեկ բան է պարզ դառնում. երկիրը կարող է փրկել միայն փոքր եւ միջին բիզնեսը: