«Հաց բերողի» հիշատակի երթի մասնակիցները ուղեւորվում են Ազատության հրապարակ, որտեղ նստացույց են անելու:

Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները Վազգեն Սարգսյան փողոցում՝ արդարադատության նախարարության մոտ փորձել են սեւ ժապավենով փաթաթված հաց դնել, սակայն ոստիկանությունը՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, փակել են երթի ճանապարհը:

«Մենք հանդուրժողականություն ենք դրսեւորում՝ գնահատելով իրավիճակը: Հանդուրժում ենք ձեր անօրինական գործողությունները»,- հայտարարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ակտիվիստ Շահեն Հարությունյանը հայտարարեց, թե իրենք պետք է մոտենան արդարադատության նախարարությանը եւ իրենց բողոքը հայտնեն, սակայն իրավապահները անդրդվելի են մնացել:

Երթի մասնակիցները բարձրախոսով քննարկումներ են արել եւ որոշել երթ անել դեպի Ռուսաստանի դեսպանատուն, ապա քննարկումների արդյունքում որոշել են գնալ Ազատության հրապարակ եւ նստացույց սկսել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: