Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 1-7 ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17,4 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 24,9 մլն դոլար։ Դրամային վարկերի նման գերազանցությունը դոլարային վարկերի նկատմամբ վերջին շաբաթների փոխարժեքի կայունացման, ավելի ճիշտ՝ դրամի արժեւորման հետեւանք է։ Դրամի արժեւորման դեպքում դոլարային վարկերը, թեկուզ ավելի ցածր տոկոսադրույքով, դառնում են ռիսկային։
Դրամային վարկերի նկատմամբ պահանջարկի աճը, հնարավոր է, իր հերթին նպաստում է հայկական արժույթի արժեւորմանը։
Նշենք, որ սեպտեմբերի դրությամբ տնտեսությանը տրամադրված ընդհանուր վարկերից արտարժութային էին 55,7 տոկոսը, այնինչ հունվարին այդ հարաբերակցությունը կազմում էր 51 տոկոս։ Այսպիսով՝ տարվա ընթացքում վարկավորման մասով տեղի է ունեցել դոլարիզացիայի աճ, սակայն ներկայում տեղի է ունենում ապադոլարիզացիա։




























