«Ուկրաինայի նավթոգազ» ընկերության կոմերցիոն տնօրեն Յուրի Վիտրենկոն չի բացառում ընկերության սնանկացումը Ստոկհոլմի դատարանում «Գազպրոմին» պարտվելու դեպքում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Պետությունը պատասխանատվություն չի կրում Նավթոգազի պարտավորությունների համար։ Նավթոգազը պարզապես կսնանկանա։ Մեր ակտիվները Նավթոգազի լիկվիդացման դեպքում կվաճառվեն, ու վարկատուները որոշակի հերթականությամբ կստանան համապատասխան գումարները»,- հայտնել է նա։ Վիտրենկոն հավելել է, որ գազատրանսպորտային համակարգն ու գազի արդյունահանման հատուկ թույլատվությունը պետության սեփականությունն է, դրա համար էլ դատարանում պարտություն կրելու դեպքում այդ ակտիվները Գազպրոմին չեն անցնի։

Ընդ որում նա համարում է, որ դատարանում ուկրաինական ընկերության պարտության հավանականությունը ցածր է։ Վիտրենկոյի խոսքով Ուկրաինան Գազպրոմից պահանջում է վերադարձնել 17 մլրդ դոլար գերավճարը գազի համար, նաեւ գազի տարանցման համար 12 մլրդ դոլար թերավճարը՝ ընդամենը մոտ 30 մլրդ դոլար։ Հաշվի առնելով, որ պայմանագրի ժամկետը ավարտվում է 2019-ին՝ հին ու նոր սակագների տարբերությունը կարող է կազմել եւս 15 մլրդ դոլար։

Իսկ ռուսական ընկերությունը Նավթոգազից պահանջում է մոտ 50 մլրդ դոլար, որը Գազպրոմի կարծիքով ուկրաինական կողմը պետք է վճարեր , բայց չի վճարել գազի համապատասխան ծավալների համար։ Հաշվի առնելով մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը մնացած ժամանակը՝ այդ գումարին կարող է գումարվել եւս 30 մլրդ դոլար։