ԱՄՆ քաղաքականության նպատակն է Իսլամական պետություն խմբավորման ջախջախումն ու ոչնչացումը, սակայն դա անհնար կլինի անել, եթե դաշնակիցները անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ու այլ ռեսուրսներ չտրամադրեն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

«Մեր առաքելության հաջողությունը կախված է մեր հայտարարված նպատակին մշտական հավատարմությունից, որն է ոչնչացնել այդ ահաբեկչական կազմակերպությունը,- ասել է նա ելույթ ունենալով ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ երկրների արտգործնախարարների ու բարձրաստիճան ներկայացուցիչների առջեւ․- Ես ուրախ եմ հայտնել, որ մեզ հաջողվել է գերազանցել խոստացված միջոցների այդ ցուցանիշը (2017-ի համար ավելի քան 2 մլրդ դոլար)։ Եկեք կատարենք մեր խոստումները, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամկետներում բաշխել միջոցները, որոնք անհրաժեշտ են այս տարվա ընթացքում մեր գործողությունների իրականացման համար»։

Թիլերսոնը նաեւ հայտնել է, որ կոալիցիան միասնական է ԻՊ-ին կանգնեցնելու, նրա գլոբալ նկրտումները կանխելու ու նրա գաղափարախոսությունը վարկաբեկելու ձգտման մեջ։