Կենտրոնական բանկը մեկնաբանություն է տարածել մարտ ամսվա գնաճի ցուցանիշի վերաբերյալ։

«Մարտ ամսվա գնաճը փետրվարի նկատմամբ, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների, կազմել է -0.3 տոկոս, ինչի արդյունքում տասներկուամսյա գնաճը կազմել է -0.1 տոկոս: Սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի տասներկուամսյա գնաճը կազմել է 103.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 96.5 տոկոս, ծառայությունների սակագներինը` 97.4 տոկոս:

Նշենք, որ ծառայությունների սակագների գնանկման մեջ արտացոլված է նաեւ գազի եւ հոսանքի սակագների նվազեցման ազդեցությունները: Մասնավորապես «Կենցաղային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակներ» ապրանքախմբի գնանկումը կազմել է 6.2 տոկոս, իսկ նպաստումը ընդհանուր գնաճին կազմել է շուրջ -1 տոկոսային կետ:

Հարկ է նշել, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ չի արձագանքում կարգավորվող գների փոփոխություններին, եւ միայն հաշվի է առնում այլ ապրանքների եւ ծառայությունների գների վրա դրանց երկրորդային ազդեցությունները:  Ինչպես գնահատվում էր մարտ ամսվա ՀՀ ԿԲ մոնիտորինգի ժամանակ1, առաջին եռամսյակի արդյունքով գնաճի ցուցանիշը 0.3 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված մակարդակը:

Գնաճի փաստացի ցուցանիշները եւ տնտեսության զարգացումները վկայում են այն մասին, որ պահանջարկը շարունակում է վերականգնվել, ընդ որում սպասվածից փոքր-ինչ ավելի արագ: Եթե պահանջարկի վերականգնումը շարունակի դրսեւորել կայուն տեմպեր, գնաճի կանխատեսումների ռիսկերը եւս կճշգրտվեն՝ առավել գնանկումայինից դառնալով ավելի հավասարակշռված»: