Հայաստանի քարտեզին հայտնվել է արեւային էներգիա օգտագործող առաջին գյուղը։ Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Արեւային տաքացուցիչներ են տեղադրվել ՀՀ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում, մարտ ամսին։ Այնտեղ արդեն տեղադրել են 25 ֆոտովոլտաժային արեւային կայաններ։ Գյուղացիներին բաժանել են նաեւ LED- լամպեր, որպեսզի ոչ միայն էներգիա արտադրեն, այլեւ խնայեն։

Վերականգնվող էներգետիկայի սարքավորումների գները ամբողջ աշխարհում շարունակում են նվազել։ Բանը հասել է նաեւ Հայաստանին։ Առաջին անգամ տեղական պրակտիկայում հաշվարկները ցույց են տվել, որ արեւային էներգիան գազից ավելի էժան է։

«Գյուղի ավագանին մեզանից խնդրեց օգնել գազ անցկացնել, բայց մենք տեսանք, որ գազատար խողովակ անցկացնելը, հետո յուրաքանչյուր տանը հասցնելը, այդ ամենը վերահաշվարկելով՝ յուրաքանչյուր ընտանիքի համար 1,5 մլն դրամ է պահանջում։ Իսկ մեկ արեւային հավաքիչն արժե 400 հազար», - նշել է Հարությունյանը։ «Չէին հավատում նաեւ գյուղացիները, որոնք անդադար հարցնում էին, թե ինչում են իրենց խաբում։ Այո, այդպես էլ հարցնում էին։ Բայց հետո համոզվեցին, որ ամեն ինչ աշխատում է։ Մենք նրանց նույնիսկ առաջարկել ենք ստեղծել շրջանառության հիմնադրամ, որտեղ նրանք կներդնեն այն, ինչ տնտեսում են կոմունալ ծառայություններից։ Իսկ այդ գումարով արդեն նրանք իրենք կարող են իրենց համար արեւային սարքավորումներ գնել», - հայտարարել է Հարությունյանը։

Ավելի քան 2 հազար տաքացուցիչներ են տեղադրել։ Իսկ ծրագրի վրա ծախսել են պետբյուջեից 40 մլն դրամ (90 հազար դոլարից մի փոքր քիչ-խմբ)։