ԼՂՀ նախագահ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի  21-ին Փասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը եւ այնտեղ հանդես եկել ելույթով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, Բակո Սահակյանն ընդգծել է աշխարհասփյուռ հայության դերը հայրենիքի եւ հատկապես Արցախի զարգացման ու ամրապնդման գործում:

«Վերջին 15 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացվել են տասնյակ միլլիոն դոլար արժողությամբ տարբեր ծրագրեր: Արցախի ժողովուրդը շնորհակալ է նման հոգատար վերաբերմունքի համար:

Մեկ տարի առաջ համայն հայությունը համախմբեց իր ջանքերը հինավուրց հայկական քաղաքներից մեկի` Շուշիի վերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ: Շուշիում արդեն սկսված են վերականգնողական աշխատանքները եւ գտնվում են ակտիվ փուլում: Մենք վստահ ենք, որ այս քաղաքն անպայման կդառնա ժամանակակից ու ծաղկուն»,- նշել է ԼՂՀ նախագահը:

Նրա խոսքով, Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը, որն ունի եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն:

«Մեր բնակչությունը առայսօր մեծ դժվարությունների է հանդիպում խմելու ջրի իր մինիմալ կարիքները հոգալու գործում: Մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գյուղերում զգացվում է ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպված են մեծագույն դժվարություններով լուծել իրենց ամենօրյա կենցաղային խնդիրները: Մեր հանրապետությունում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերում եւ մի շարք բնակավայրերում, ինչը մեզ հաջողվել է վերջերս»,- ասել է Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահը նշել է, որ այդ խնդիրը լուծելի է: «Արցախն ունի հսկայական ջրային պաշարներ: Այստեղից են սկիզբ առնում Թարթառը, Արփան, Որոտանը եւ այլ խոշոր գետեր: Արցախում մեկ շնչին բաժին ընկնող միայն մակերեսային հոսքի ջրային պաշարները կազմում են 19 հազար խորանարդ մետր, իսկ Արաքսի ջրերի հետ միասին` ավելի քան 65 հազար: Այս չափանիշով մեր հանրապետությունը ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին է դասվում: Պետք է ուղղակի ճիշտ օգտագործել այդ հարստությունը եւ կառուցել ժամանակակից ջրային համակարգեր»,- ընդգծել է նա: