Մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանն ու հայկական պատվիրակությունն այսօր` նոյեմբերի 22-ի գիշերը վերադարձել են Հայաստան:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց Հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը:

«Վերադարձել ենք այսօր գիշերը ժամը 3-ին` շատ լավ տպավորություններով: Անսպասելի էր ու Վլադիմիրը դեռ չի հավատում ու չի գիտակցում, որ ինչ-որ լավ ու կարեւոր եւ երկրի համար ուրախալի բան է տեղի ունեցել»,-նշեց Դիանա Մնացականյանը` հավելելով, որ Վլադիմիրը «հիմա Երեւանում է եւ երեւի հոգնած քնած է»:

Հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի մասով խորհրդականը նշեց, որ փոքրիկ երգիչը հիմա հանգստանալու կարիք ունի, որովհետեւ շատ ծանր փորձեր են եղել եւ հագեցած գրաֆիկ են ունեցել:

Հիշեցնենք, որ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը նոյեմբերի 20-ին Մինսկում տեղի ունեցած միջազգային մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում գրավեց առաջին հորիզոնականը: Նա կատարել է «Մայրիկ» երգը: Մրցույթին մասնակցում էին նաեւ 14 երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, Բելառուսի, Բելգիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մալթայի եւ այլ երկների  10-ից 15 տարեկան երգիչներ: