Ադրբեջանական բանտում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է մոր՝ Բելլա Լապշինայի հետ: Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

Փաստաբանի խոսքով՝ Բելլա Լապշինան Բաքու է եկել, որպեսզի տեղեկանա հետաքննության ընթացքի եւ որդու ինքնազգացողության մասին:

Լապշինի գործով նախաքննությունն ավարտվել է: Կողմերը ծանոթանում են նյութերին, այնուհետեւ դրանք դատարան կուղարկվեն:

Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան Նրա անվան գրության մեջ առկա տառի տարբերությունը սահմանապահները չէին նկատել։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն: Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: