Հունիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նասխարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի ծրագրի ղեկավար Էլիս Մերվինին, Պաշտպանության կցորդ Բրյուս-Մըրֆիին եւ Պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար Ջոն Ֆրիելին:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ՀՀ ԱԻ նախարարին՝ դեսպան Միլսը նշեց. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը 25 տարի շարունակ գործընկերներ են եղել, եւ ԱՄՆ դեսպանությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը մշտապես համարել է հուսալի գործընկեր: Մենք սպասում ենք մեր հետագա համագործակցությանը նախարարության հետ, որը հետեւողականորեն աշխատում է արտակարգ իրավիճակների պատրաստականության ու արդյունավետ արձագանքման կարողությունների մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ակտիվացման եւ ընդլայնման հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին ակտիվացնել փրկարարների վերապատրաստման, փորձի փոխանակման, տեսական եւ գործնական դասընթացների անցկացման գործընթացները՝ ելնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արդիականացման նոր կարիքներից:

Խնդիր դրվեց համատեղ աշխատել Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) տվյալների բազայի համալրման եւ քարտեզագրման ուղղությամբ՝ ներդնելով այս ոլորտում առաջատարը հանդիսացող երկրների փորձը:

Իր խոսքում ԱԻ նախարարը շեշտեց տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ այն կարող է դառնալ առավել սերտ եւ արդյունավետ: