Թուրքական ոստիկանության պատրաստած զեկույցում նշվել է, թե «Թուրք վրիժառուների միության» (TİBT) անդամները նախատեսել էին սպանել Թուրքիա այցելող ՀՅԴ հայաստանյան բարձրաստիճան ներկայացուցչին, որի անունը չի նշվում։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ TİBT-ը, որը ծրագրել էր թուրք-քրդական բախումներ հրահրելու համար սպանել քուրդ քաղաքական գործիչների եւ գործարարների, կապերի մեջ է եղել «Էրգենեկոն»-ի եւ Ժանդարմերիայի հետախուզության գաղտնի վարչության (JİTEM) հետ, ծրագրավորել էր սպանել Հայաստանի քաղաքացու։
Թուրքական ոստիկանության զեկույցում նշվել է, թե 2009-ի մարտի 22-ին TİBT-ի անդամներ Մութլու Էրդողանի եւ Օնուրի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ժամանակ Օնուրը ասել է. «Մի քիչ առաջ տեղեկություն ստացա, որ Հայաստանից Թուրքիա է մտել ՀՅԴ բարձրաստիճան մի ներկայացուցիչ»։ Մութլու Էրդողանը հայհոյելով ասել է, թե իրենք հետեւում են եւ ամիսներ անց կսկսեն իրենց գործը, թող մի քանի ամիս անցնի։
Թուրքական ոստիկանության զեկույցում նշվել է, որ TİBT-ը ծրագրել էր գործողություն իրականացնել Թուրքիա այցելած Հայաստանի քաղաքացու նկատմամբ։




























