Նորածնի առքուվաճառքի գործով 1 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Նման դատավճիռ է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը:

Բուժքրոջ պաշտպան Հերմինե Միքայելյանը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն ու իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Վերաքննիչը վճռել է բողոքը մասնակիորեն բավարարել եւ բուժքրոջ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան:

Նշենք, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է բժշկուհի Կարինե Անտոնյանին, երեխայի մայր Ալլա Կարապետյանին եւ երեխայի ենթադրյալ գնորդ Քրիստինե Կիրակոսյանին դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին՝ 1 տարի 10 ամիս ազատազրկման: Կարինե Անտոնյանն ու Գոհարիկ Խաչատրյանը տուգանվել են նաեւ 400 հազարական դրամով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին: