Բալթյան երկրների համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան «ագրեսիայի ուրվականը» Ռուսաստանի կողմից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Բալթյան երկրների նախագահների հետ հանդիպումից հետո։ Նա խոստացել է աջակցություն Էստոնիային, Լատվիային ու Լիտվային, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Հենց այս պահին Ռուսաստանը շարունակում է ուժով միջազգային սահմանները վերաձեւելու, ինքնիշխան պետությունների ժողովրդավարությունը խաթարելու ու Եվրոպայի ազատ երկրներին իրար դեմ լարելու իր փորձերը, - ասել է նա,-Նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ն մերժում է Բալթյան երկրներում կամ մեր դաշնակից երկրներից որեւէ մեկի հանդեպ ուժի, սպառնալիքների, ահաբեկման կամ վանսակար ազդեցության կիրառման ցանկացած փորձ»
Փենսը նաեւ բարձր գնահատական է տվել Էստոնիային այն բանի համար, որ երկիրը հասել է ՆԱՏՕ-ի նպատակային ցուցանիշին՝ պաշտպանության համար հատկացնելով ՀՆԱ 2 տոկոսը։ Նա նաեւ նշել է, որ Լատվիան ու Լիտվան այդ մակարդակը կապահովեն հաջորդ տարվա վերջին։ Թրամփը բազմիցս ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը։
«Բալթյան երկրները օրինակ են ծառայում այլ պետությունների ու զգալի ավանդ են ներդնում միջազգային անվտանգության ապահովման գործում»,- հավելել է Փենսը, հիշեցնելով, որ Էստոնիան, Լատվիան ու Լիտվան ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակիցներ են։




























