ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը ցավակցություն է հայտնել հանգստյան օրերին ցույցերի ընթացքում Վենեսուելայում 10 մարդու զոհվելու կապակցությամբ։ Այս մասին Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՄԱԿ ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։
«Մարդու իրավունքների հարցերով վարչությունը կոչ է անում հնարավորինս շուտ իրականացնել ցուցարարների զոհվելու դեպքերի արդյունավետ ու անկախ հետաքննություն, նաեւ հույս է հայտնում, որ կառավարությունը կհամագործակցի քննության հետ»,- հայտնել է Դյուժարիկը։
Գերագույն հանձնակատարի վարչությունում նաեւ մտահոգված են նրանով, որ Վենեսուելայի իշխանությունները շարունակում են խախտել խաղաղ հանրահավաքներ անցկացնելու՝ քաղաքացիների իրավունքը, դաժանաբար ցրում են ցուցարարներին։ ՄԱԿ վարչությունից կոչ են արել բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։
Անցած կիրակի Վենեսուելայում անցել են Սահմանադիր ժողովի ընտրությունները, որը ակնկալվում է, որ կզբաղվի երկրի սահմանադրության փոփոխությունների մշակումով։




























