ԵՄ Եվրոպոլ ոստիկանական ծառայությունը հանցագործների հետախուզման համար բացիկներ է օգտագործելու։ Այս մասին Եվրոպոլը հայտնել է օգոստոսի 4-ին մամուլի հաղորդագրության մեջ։ Արդարադատությունից թաքնվող մեղադրյալների որոնման արշավի շրջանակում ծառայությունը իր կայքում տեղադրել է 21 բացիկ՝ լուսանկարներով ու շուտափույթ հանդիպման մաղթանքով, հայտնում է RFI-ն։
«Հարգելի հետախուզվող փախստակներ։ Այս ամռանը ոստիկանությունն ուզում է ձեզ տուն վերադարձնել»,- այսպես է ոստիկանական ծառայությունը հայտնել իր ամառային ակցիայի մեկնարկի մասին։ «Այս հանցագործների հասցեները առայսօր մեզ անհայտ են, ու մենք չենք կարող նրանց բացիկներ ուղարկել։ Կարո՞ղ եք մեզ օգնել, որ գտնենք նրանց»,- այսպես է Եվրոպոլը դիմել 21 եվրոպական պետությունների բնակիչներին, որտեղ մեղադրյալները ենթադրաբար հանցագործություն են կատարել։
«Ողջույն Կիպրոսից։ Թանկագին Իվան, մենք ձեզ հրավիրում ենք վերադառնալ Ափրոդիտեի կղզի։ Մեր լողափերը լի են ծովախեցգետնով, մարգարիտներով ու մենք սպասում ենք ձեզ»,- գրել է Եվրոպոլը Իվան Միլովանովիչին ուղղված բացիկում, որին մեղադրում են զինված կողոպուտի ու ծանր հանցագործության իրականացմանը մասնակցելու մեջ։ «Մենք գիտենք, որ դուք կեղծիքների վարպետ եք, բայց կա միայն մեկ իսկական Սանտա։ Նա սպասում է ձեզ»․- ողջունում է ոստիկանությունը մեկ այլ բացիկում Իլարի Նյուրմինենին՝ Ֆինլանդիայից, որին հետապնդում են խաբեության ու փաստաթղթերի կեղծման համար։




























