Ջավախահայերի «Վիրք» կուսակցության ղեկավարը հերքել է WikiLeaks-ի կողմից հրապարակած Վրաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունները, որտեղ նշվում է, թե Ռուսաստանը ֆինանսավորել է ջավախքահայերին` այդ տարածքում էթնիկ բախումներ հրահրելու նպատակով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին WikiLeaks-ը հրապարակել է 2007 թվականի հուլիսին Թբիլիսիից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունները, որտեղ «Ծայրահեղական փոքրամասնություններին աջակցություն» վերնագրի ներքո նշվում է հետեւյալը. «Վրաստանի իշխանությունները Թբիլիսիում եւ Ախալքալաքում, ինչպես նաեւ տեղական համայնքի ղեկավարներն ու քաղաքական ակտիվիստները հաստատել են, որ Ռուսաստանի իշխանությունները ֆինանսավորել են ծայրահեղական հայ ազգայնականներին Սամցխե-Ջավախեթիում` փորձելով ապակայունացնել այս բազմազգ եւ քաղաքականապես անկայուն տարածաշրջանը: Լարվածությունը կիզակետին է հասել 2006 թվականի գարնանը, երբ մարտին Ախալքալաքում բուռն ցույցեր էին Ծալկայում ազգությամբ հայի սպանությունից հետո, եւ մայիսին, երբ ցուցարարները կարճ ժամանակով կասեցրեցին ռուսական բազաների դուրսբերման առաջին փուլը: Սակայն երբ բազաները դուրս բերվեցին, Ախալքալաքում հուզումները կտրուկ նվազեցին, ինչը վկայում է, որ հավաստի էին Վրաստանի պնդումները, թե լարվածությունը առաջացնում էին այն տարրերը, որ ղեկավարվում էին ռուսական բազաներից»:

Այս առնչությամբ Վրաստանում չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենք ակտիվորեն մասնակցել են այդ ցույցերին, սակայն կտրականապես հերքել է, թե Ռուսաստանի կողմից ֆինանսավորվել են:

«Ես կտրականապես հերքում եմ, որ այդ ֆինանսավորումը անցած լինի իմ եւ իմ շրջապատի մարդկանց միջեւ, որովհետեւ դա չեմ նկատել: Իսկ ինչ վերաբերում է, որ ուրիշ մարդիկ են եղել այս պրոցեսներին խառը, այլ կարգի կազմակերպություններ, ես այդպիսի մարդկանց չեմ կարող ասել` եղել է, չի եղել, ես միայն պատասխան եմ տալիս այն մարդկանց շրջանակներում, որոնք իրոք ջավախքահայերի շահերին են կանգնած եղել` այդ մարդկանց համար երաշխավորում եմ ուղղակի», - հայտարարել է Ռստակյանն ու հավելել. «Ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ աղբյուրների վրա է հիմնվում դեսպանատունը, որ այդպիսի ինֆորմացիա տվել է կամ չի տվել: Միտինգները միշտ էլ Ջավախքում եղել են բանակի դուրս գալու վերաբերյալ, ընդ որում` ես կարծում եմ, որ իրենց` ջավախքցիներին էր առաջին հերթին պետք, որ այս բազան տարածաշրջանից դուրս չգար, որովհետեւ իրենք միշտ երաշխիք են տվել բազայի ներկայությամբ բավականին Ջավախքում, այնպես որ` ես չեմ հասկանում, թե տրամաբանությունը որն է, որ ռուսները պետք է ֆինանսավորեին` մենք մեր ազգային շահե՞րը պահեինք»:

Նկատենք, որ Վրաստանում ամերիկյան դեսպանատան հաղորդագրությունների հրապարակումից հետո The New York Times-ը դրանց անդրադարձել է հոդվածով` գրելով. «Պետդեպարտամենտի փաստաթղթերը, որ տեղադրվել են WikiLeaks կայքում, ցույց են տալիս, որ Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան դիվանագետները 2008 թվականին Վաշինգտոն են ուղարկել միայն Վրաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը` առանց այլընտրանքային գնահատականները հաշվի առնելու»: