Հնդկաստանում վազորդ Սամիր Սանգհը չի կարողացել հաղթահարել իր 10 000 կիլոմետրանոց մարաթոնի վերջին 36 կմ-ը՝ հիվանդությունների ու հյուծվելու պատճառով։ Սամիրը, որին կոչում են «Վազորդ հանուն հավատքի» ու համեմատում Ֆորեսթ Գամփի հետ, նպատակադրվել էր հաղթահարել 10 000 կմ տարածություն 100 օրում։ Երեք ամիս անընդմեջ նա վազել է Մումբայի արվարձաններում ու գործարար թաղամասերում՝ չնայած անձրեւներին ու սարսափելի շոգին։

Այդ ընթացքում 170 սմ հասակ ունեցող Սամիրը սաստիկ նիհարել է ու հիմա կշռում է 40 կգ, տառապում է ստամոքսի ցավից ու վիրուսային տենդից։ Նախօրեին նա պետք է հաղթահարեր վերջին 150 կմ-ը։ Սակայն 44-ամյա հյուծված վազորդին հաջողվել է հաղթահարել միայն 114 կմ-ը։ Սամիրի խոսքով՝ ինքն իր արարքով ուզում էր ցույց տալ մարդկային ոգու ուժը։ Նա մտադիր չէ սահմանափակվել ձեռք բերվածով ու հայտնել է, որ իր հաջորդ նպատակն է լինելու 40 000 կմ հաղթահարելը։