Իրաքում դատարանը մահապատժի է դատապարտել 27 մարդու՝ «Սփայքեր» ավիաբազայում տեղի ունեցած կոտորածին մասնակցության համար, երբ ԻՊ-ի զինյալները 2014-ին պատանդառել էին ավելի քան 1500 շիա կադետների։
«Կենտրոնական քրեական դատարանը վճիռ է կայացրել 27 ամբաստանյալների մահապատժի մասին՝ «Սփայքեր» ճամբարում հանցագործություններին մասնակցություն ունենալու համար․․․ 25 մեղադրյալների ազատ են արձակել անբավարար ապացույցների համար»,- ասվում է Իրաքի Գերագույն դատական խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Տվյալ որոշումը կարող է բողոքարկվել Իրաքի դաշնային վճռաբեկ դատարանում։
«Սփայքեր» ավիաբազայում կոտորածը տեղի էր ունեցել 2014-ի հունիսին։ Տարբեր գնահատականներով ԻՊ զինյալները սպանել էին մոտ 1․7 հազար կադետների։ Նրանց մարմինները գտել էին զանգվածային գերեզմաններում բազայի ազատագրումից հետո։
2016-ի օգոստոսին արդարադատության նախարարը հայտնել էր այդ գործով 36 դատապարտյալների մահապատժի իրականացման մասին։




























