Ռուս- վրացական սահմանին հերթում մարդ է մահացել, հայտնում է «Նովոստի Վրաստանը»;
Ականատեսների խոսքով՝ մարդը, որը Վրաստան էր ուղեւորվում, սկսել է իրեն վատ զգալ «Վերին Լարս» անցակետի առաջ գոյացած երկար հերթում։ Բժիշկները չեն կարողացել օգնել նրան։ «Վարորդներն ասում են, որ ռուսական կողմում հերթում մի կին է մահացել, սակայն մենք ականատես չունենք ու չենք կարող հաստատել այդ տեղեկությունը»,- հայտնել են Վրաստանի Ֆինանսների նախարարությունից, որին ենթարկվում է մաքսային ծառայությունը։
Ռուսաստանի ու Վրաստանի սահմանի անցակետն արդեն մի քանի օր աշխատում է խափանումներով՝ Ռուսաստանից Վրաստան ուղեւորվող զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով։ Ռուսաստանի մաքսայինները չեն կարողանում սպասարկել մարդկանց նման հոսքի։ Մինչդեռ «Կազբեգի» անցակետում Վրաստանի մաքսային աշխատակիցներն ասում են, որ իրենց կողմում կուտակումներ չկան։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր կառավարության նիստի ժամանակ կարգադրել է ՆԳՆ-ին ու ԱՆ-ին հատուկ ուշադրություն հատկացնել այն մարդկանց, ովքեր հերթ են կանգնած սահմանին։




























