Միջազգային հանրությունն ամեն անգամ հղում է կատարելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աստանայում արած հայտարարության այն կետին, թե եթե Ադրբեջանը շարունակի ռազմական ագրեսիան, Հայաստանը կսկսի ԼՂ անկախությունը ճանաչելու գործընթաց: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշեց, որ, այդ հայտարարությունը սխալ ուղերձ է միջազգային հանրությանը եւ այն մշտապես այդ հայտարարությունը կօգտագործի մեր դեմ:

Երբ Հայաստանն սկսի հետապնդել ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը, միջազգային հանրությունը կասի, «Անգամ դուք եք պայման դրել, էլ ի՞նչ եք ուզում մեզանից՝ միջազգային հանրությունից»: «Ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը իրարից տարբերվող մոտեցումներ հայտնեց մեկ ամսվա ընթացքում: Գտնվելով Աղդամում նա ասաց, որ եթե Ադրբեջանը սանձազերծի պատերազմ, ապա մենք կհասցնենք վերջնական հարված: Ես դա համարում եմ բավական ադեկվատ մոտեցում: Բայց ասել, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու պայմանում մենք կճանաչեցնք ԼՂ անկախությունը, այսինքն՝ անկախության ճանաչման գործընթացը պայմանավորել երրորդ կողմի գործողություններով, ինձ համար անհասկանալի է»,-հայտարարեց Կարապետյանը:

Նա միաժամանակ նշեց, որ եթե «Ժառանգության»՝ ԼՂ անկախությունը ճանաչելու վերաբերյալ նախագիծը դրվի քվեարկության, ապա պետք է խորհրդարանը միահամուռ կողմ քվեարկի: Սակայն, ըստ Կարապետյանի, այժմ չկա քաղաքական համաձայնություն այդ ուղղությամբ:

Այնուամենայնիվ, ՀԱԿ ներկայացուցիչը կարծում է, որ ներկայումս ԼՂ անկախության ճանաչումը նպատակահարմար չէ: «Եթե հիմա սկսվի ԼՂ անկախության գործընթացը, ապա հարցականի տակ կդրվեն մինչ այժմ ստորագրված փաստաթղթերն ու հայտնած մոտեցումները: «Եվ այդ առումով չեմ կարծում, թե ՀՀԿ-ն համաձայնի հարցը դնել քվեարկության կամ կողմ քվեարկի»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը: