Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովից հետո Ադրբեջանը կփորձի ԼՂ կարգավորման գործընթացը տեղափոխել այդ կառույց եւ այլ ձեւաչափ: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ, ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
NEWS.am-ի հարցին, թե ո՞ր կառույցի եւ ձեւաչափի մասին է խոսքը՝ Կարապետյանը մասնավորեցրեց. «Ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն Ադրբեջանի համար ամենաանհարմար կառույցն է ԼՂ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ, որովհետեւ այն հիմնված է կոնսենսուսի սկզբունքի վրա: Իսկ վերջին գագաթաժողովը ցույց տվեց, որ եթե անգամ չնչին տարաձայնություններ կան, որեւէ փաստաթուղթ չի լինում համաձայնեցնել: Հետեւապես՝ ԵԱՀԿ-ն չի կարողանում ապահովել իր համար նպաստավոր միջավայր՝ իր առաջարկություններն առաջ տանելու համար»,-նշեց Կարապետյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կփորձի հարցը տեղափոխել այնպիսի միջազգային կազմակերպություններ, որտեղ կա քվեարկություն եւ ձայների մեծամասնությամբ են ընդունում որոշումները:
«Հավանաբար առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը կներկայացնի բանաձեւի նախագիծ, եւ այն անգամ ավելի վտանգավոր դրույթներ է ունենալու, քան սեպտեմբերին ներկայացվածը, որի քվեարկությունը հետաձգվեց»,- ասաց նա:
Կարապետյանը նշեց նաեւ, որ Հայաստանի համար վտանգներ է պարունակում ԵԱՀԿ գնահատման առաքելության (փաստահավաք խմբի) զեկույցը, որը հունվարին ներկայացվելու է ԵԱՀԿ մշտական խորհրդին: «Կարծում եմ, որ այն, ինչ արտացոլված է լինելու, բավականին մեծ գլխացավանք է առաջացնելու հայկական կողմի համար»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:





























