Իսրայելում Բեն Գուրիոնի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ հաքերները կարողանում են վերահսկել սմարթֆոնները կեղծ բաղադրիչների միջոցով։ Հետազոտողները ներկայացրել են իրենց զեկույցը Usenix Workshop on Offensive Technologies սեմինարի ժամանակ։

Ուսանողների խումբը՝ Յոսիի Օրենի ղեկավարությամբ, մշակել է երկու միկրոհսկիչ ու միացրել դրանք սմարթֆոնի դիսփլեյին։ Նրանք կարողացել են հեռակա ջնջել լուսանկարները սմարթֆոնից, հավելվածներ ներբեռնել ու հետեւել սենսորի շարժումներին։

Փորձի համար նրանք օգտագործել են Huawei Nexus 6P սմարթֆոնն ու  LG G Pad 7.0 պլանշետը։ Երկու սարքերն էլ աշխատում են Android-ով, բայց դրանց մեջ տեղադրված են սենսորային էկրանի միկրոհսկիչների տարբեր մոդելներ։ Գիտնականները ենթադրում են, որ հաքերները կարողանում են չիպեր տեղադրել սմարթֆոնների ու Apple-ի պլանշետների մեջ։

Անվտանգության համակարգերը չեն կարող հետեւել այդ հսկիչ սարքերին, քանի որ դրանք հեռախոսի հիմնական սարքի բաղադրիչները չեն։ Դրա համար էլ հաքերները կարող են մուտք գործել գաղտնաբառեր, բանկային հավելվածներ ու այլ կարեւոր տվյալներ։

Այդ հսկիչ սարքերը շատ էժան են։ Դրանք կարող են շատ փոքր չափսերի լինել, դրա համար էլ դրանք հեշտ է տեղադրել էկրանների մեջ, լիցքավորման սարքերի կամ այլ բաղադրիչների մեջ, որոնք հեռախոսներ արտադրող ընկերությունները չեն պատրաստում։ Նույնիսկ մասնագետները կարող են չնկատել այդ հսկիչ սարքերը, դրանց փոքր չափսերի պատճառով։