Պաշտոնական այցով երեկ Երեւան ժամանած Թուրքմենստանի նախագահն այսօր Հայաստանի նախագահի նստավայրում էր: Սերժ Սարգսյանը դիմավորել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, հետո երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել:

Նրանք կարեւորել են տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը՝ մատնանշելով հատկապես առեւտրատնտեսական հարաբերությունները: Գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրաշրջանառության վրա: Բայց կողմերը հույս ունեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը: Նշենք, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 25 տարի առաջ հենց այս օրը՝ օգոստոսի 24-ին է երկու երկրների միջեւ ստորագրվել Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերն է հրապարակել, որոնք «Ամերիկայի ձայնը» ներկայացրել է «հրատապ» նշումով: Ամերիկացի դիվանագետի ներկայացրած կետերի թվում են նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում գտնվող տարածքին ժամանակավոր կարգավիճակի տրամադրումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների հանձնումը Ադրբեջանին: Ընդ որում, այդ տարածքների համար Հոգլանդը «գրավված» բառն է օգտագործել՝ նշելով, որ պետք է վերականգնվի դրանց նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը: Պետք է նաեւ միջանցք լինի, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, բայց այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:

Հոգլանդի հայտարարությունն այսօր մեկնաբանել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները՝ նշելով, որ նա ոչ մի նոր բան չի ասել: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ներկայացված կետերը, ընդհանուր առմամբ, արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները:

Կարեն Միրզոյանն էլ ներկայացված կետերը բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում է անվանել: Նա նաեւ վերահաստատել է Արցախի դիրքորոշումը. ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել անհնար է՝ առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերին արցախյան կողմի լիարժեք մասնակցության:

Հայաստանում հողային եւ ջրային պաշարները, ինչպես նաեւ գոյություն ունեցող ենթակառուցվածքներն անարդյունավետ են օգտագործվում: Վարչապետը սա անընդունելի է համարում: Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը թվային տվյալներ է ներկայացրել. ոռոգվող հողատարածքները հանրապետությունում շուրջ 208 հազար հեկտար են կազմում, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող տարածքները 90-130 հազար հեկտարի սահմաններում են: Վարչապետը հանձնարարել է ոռոգվող տարածքների ավելացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Գործադիրի այսօրվա նիստում անդրադարձ է եղել դպրոցների օպտիմալացմանը. 14 կրթօջախներ կմիավորվեն: Կրթության նախարարը վստահեցնում է, որ գոնե այս պահին օպտիմալացման ենթակա դպրոցներում աշակերտների՝ դպրոց հասնելու հետ կապված խնդիրներ չեն ծագի. դրանք շատ մոտ հեռավորությամբ են տեղակայված:

Սպորտի նախարարն էլ վերջապես կառավարությանն է ներկայացրել ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասսայականացման ծրագիրը: Դրա փորձնական փուլը դպրոցներում կիրականացվի մինչեւ 2019 թվականը: Իսկ արդեն նիստից հետո լրագրողները Հրաչյա Ռոստոմյանից կրկին հետաքրքրվել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի ճակատագրով: Հարցը հունից հանել է նախարարին: Ռոստոմյանը նաեւ հավելել է, որ դպրոցով զբաղվելու է ՀԱՕԿ նախագահը, բայց ե՞րբ, դեռեւս հայտնի չէ:

Խոսրովի անտառի տարածքում հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են: 1500 ք.մ. ընդհանուր տարածքում դեռեւս շուրջ 200 ծխացող օջախ կա: Խոշոր անտառային հրդեհների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել են արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարները: Դավիթ Տոնոյանը նշել է, որ Խոսրովի արգելոցում, ընդհանուր առմամբ, 250 հեկտար անտառային տարածք է տուժել: Սրանք միայն մեկ արբանյակից ստացված տվյալներ են: Արդեն դիմել են տարբեր երկրների գործընկերներին՝ նրանց տվյալները նույնպես ուսումնասիրելու եւ ընդհանուր պատկեր ստանալու համար:

Բնապահպանության նախարարն իր հերթին վստահեցրել է. ստացված վերջնական արդյունքներն ամբողջությամբ ներկայացնելու են հասարակությանը, ոչինչ չեն թաքցնելու: Դավիթ Տոնոյանն էլ խոստովանել է. անտառային հրդեհների մարման ընթացքում կազմակերպչական խնդիր է եղել, որի լուծումը որոշակի ժամանակ էր պահանջում:

Այս խոշոր հրդեհները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ չէ նման լայնածավալ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն: Դավիթ Տոնոյանը, սակայն, վստահեցրել է, որ ամեն ինչ անում են՝ տեխնիկական հագեցվածության խնդիրը լուծելու համար: Մինչ այդ, Արծվիկ Մինասյանը հարկ է համարել ընդգծել, որ այս օրերին բոլորն առավելագույն նվիրվածությամբ են աշխատել: Դա, սակայն, պատասխանատու գերատեսչություններին ու դրանց ղեկավարներին չի փրկում քննադատությունից: Քննադատություններ հնչեցին՝ հրդեհաշիջման աշխատանքները ոչ պատճառ ու օպերատիվ կազմակերպելու վերաբերյալ: Նույնիսկ հարցադրում արվեց. արդյո՞ք բնապահպանության նախարարը չպետք է հրաժարական տա: Արծվիկ Մինասյանը պատասխանել է. չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Կիեւյան կամրջից 20-ամյա աղջիկ է նետվել: Աղջիկը Հրազդան գետն է ընկել, իսկ ջրի հոսանքը սկսել է քշել նրան: Մինչ փրկարարների ժամանումն աղջկան տեղի ուժերով դուրս են բերել գետից: Հիվանդանոց տեղափոխված աղջկա վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:

Անհայտ անձը դանակահարել է ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալին: Մայոր Հակոբ Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները տուժածի փայծաղը հեռացրել են, թոքը՝ վիրահատել: Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում. Հակոբ Մկրտչյանը փորձել է կանխել ծագած վիճաբանությունը, այդ ժամանակ էլ դանակահարվել է: Նշենք, որ Մկրտչյանը վերջերս է նշանակվել ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնում՝ փոխարինելով անցյալ տարվա ամռանը գնդի գրավման ժամանակ սպանված Արթուր Վանոյանին:

Օգոստոսի 24-ին դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 8 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 613 դրամ:

Օգոստոսի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն: