Օգոստոսի 24-ին Աստանայում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» համաժողովը, որի մասնակիցները փնտրում են Եվրասիական տնտեսական միության երկրների առջեւ ծառացած տնտեսական խնդիրների պրակտիկ իրականացման բանաձեւերը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կառավարման սովորական մոդելների արդիականացման կարեւորության մասին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է Միության երկրների «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի բացման ժամանակ:
«Գիտատեխնիկական առաջընթացն արագացնում է փոփոխությունների արագությունը, իսկ կառավարման մեր համակարգերը դանդաղում են որոշումների ընդունման, հարմարվելու, նոր կանոնների խթանման եւ այլ հարցերում»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ը, սակայն, այս խնդիրը լուծելու հնարավորություն տալիս է: «Վերազգային մարմինները ավելի արդիական կդառնան եւ կզբաղվեն մրցույթների կառավարմամբ, այլ ոչ թե ինչ-որ արհեստական անհասանելի համակարգերի ձեւավորմամբ: Այդ դեպքում այս բոլոր գործընթացներն ավելի արագ կընթանան, եւ մենք կկարողանանք բարենպաստ պայմաններ ստեղծել ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ բիզնեսի համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Լիագումար նիստում «Մրցունակությունը փոփոխվող աշխարհում. Նոր մոդելներ, տեխնոլոգիաներ, կառավարման ձեւեր» բանավեճի ընթացքում նա նաեւ անդրադարձել է ԵՏՄ ընդհանուր շուկայում խոչընդոտներին եւ սահմանափակումներին: «Առաջիկա 5 տարիներին մենք առաջին հերթին պետք է խորացնենք ինտեգրումը՝ խոչընդոտները վերացնելով»,- համոզված է Տիգրան Սարգսյանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջին խնդիրը Միության ընդհանուր շուկայում խոչընդոտների վերացման աշխատանքների շրջանակում ԵՏՄ երկրների միջեւ համաձայնության հասնելն է, որ դրանք գոյություն ունեն: «Դրանից հետո մենք «ճանապարհային քարտեզ» կմշակենք, թե ինչպես համատեղ վերացնենք խոչընդոտները, սահմանափակումները, որ մեր ընդհանուր շուկաները լիարժեք գործեն»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այն 60 ձեռնարկությունները, որոնց գծով արդեն համաձայնություն կա, աշխատանքի միայն մի մասն է: Գոյություն ունի եւս մոտ 60 հարց, որոնցով բանավեեճերը շարունակվում են:
Դրանից բացի, խոսվել է Միության երկրների համաձայնեցված գործողությունների մասին ազգային նախաձեռնությունները մշակելիս, որոնց իրականացումը չպետք է նոր խոչընդոտներ ստեղծի:
Այն մասին, որ կայուն աճ կարելի է ապահովել միայն խոչընդոտները վերացնելով եւ գնալով դեպի մեծ գաղափարները՝ տնտեսության թվայնացում, տրանսպորտային ճյուղի զարգացում, անդրարժեթղթային պահումների նվազման համար պայմանների ստեղծում, խոսել է նաեւ Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Անհրաժեշտ է կոոպերացիային աջակցել բոլոր մակարդակներում եւ գործունեության բոլոր ոլորտներում, աշխատել միասնական տեխնիկական ստանդարտներով՝ դրանով պայմաններ ստեղծելով շուկայական արդյունավետ տնտեսության զարգացման համար:
Վաչե Գաբրիելյանի կարծիքով՝ թվային տեխնոլոգիաների ներդրման կարեւորագույն առավելությունն այն է, որ սա բոլոր ճյուղերում գործունեության թափանցիկ ուղղություն է, որ թույլ է տալիս զարգացնել արդյունաբերական կոոպերացիան եւ գործունեության բոլոր ոլորտներում ինտեգրումը: Դրանից բացի, նա նշել է բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների եւ ԵՏՄ երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումների նշանակության մասին:
ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նշել է, որ Միության երկրների բոլոր տնտեսությունները, այդ թվում՝ ռուսական, անկման փուլից հետո աճի փուլ են մտել: Նրա կարծիքով՝ այսօր աշխարհում ամեն ինչ արագ է փոփոխվում, եւ անհրաժեշտ է որոշումներ ընդունել, որը մեծ բարիք կլինի, աջակցել որոշակի ճյուղերի, ձեռնարկությունների համար պահպանողական միջավայրին կամ հնարավորինս արագ ստեղծել միասնական շուկան, որը կապահովի բոլոր 5 երկրների քաղաքացիների բարեկեցությունը: Անդրադառնալով թվային տնտեսության հարցերին՝ Իգոր Շուվալովը հայատարարել է, որ անհրաժեշտ է ԵՏՀ-ի եւ ազգային կառավարությունների ջանքերի միավորում:
Լիագումար նիստի ավարտին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման համաժողովների անցկացումը գործուն գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս զարգացնել ինտեգրացիոն գործընթացները:



























