Ռուսաստանը միջազգային քննիչներին ռադարների լրացուցիչ տվյալներ է ներկայացրել 2014 թվականի հուլիսին Ուկրաինայում Boeing-ի կործանման պահից: Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել են Հոլանդիայի դատախազությունում, որի ներկայացուցիչները մտնում են Համատեղ քննչական խմբի մեջ, որն զբաղվում է ողբերգության քննությամբ:
Նիդեռլանդների ուղարկած իրավական օգնության վերաբերյալ լրացուցիչ հարցմանն ի պատասխան՝ «այս շաբաթ ՌԴ-ից լրացուցիչ ռադիոտեղորոշիչ տվյալներ են ստացվել եւ [տվյալների վերծանման ծրագրային ապահովման] հրահանգներ»,- նշել են գերատեսչությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այնտեղ հիշեցրել են, որ 2016 թվականի հոկտեմբերին ՌԴ-ից ստացված տվյալները ներկայացվել են ոչ ASTERIX ֆորմատով, որը մշակել է Օդային նավիգացիայի եվրոպական կազմակերպությունը եւ ընդունված է ամբողջ աշխարհում: «Ստացված տվյաները պետք է լինեն ASTERIX ֆորմատով: Առաջիկայում տվյալները կվերծանվեն եւ մանրամասն կհետազոտվեն»,- ընդգծել են դատախազությունում:
Malaysia Airlines ընկերության ուղեւորատար Boeing 777 օդանավը, որը MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռչում, 2014 թվականի հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզի արեւելքում: Զոհվել էին 10 երկրների քաղաքացի 283 ուղեւորներ եւ անձնակազմի 15 անդամները:


























