Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել, սեպտեմբերից կվերսկսեն բողոքի ակցիաները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը: Նա  նշեց, որ եւ կառավարությունը, եւ քաղաքապետարանը միայն խոստումներ են տալիս եւ լուծում չեն տալիս իրենց խնդրին: Նրա խոսքով, որպես պայքարի ձեւ իրենք հնարավոր է՝ ընտրեն նստացույցը:

«Նախագահական ենք գնում, ասում են՝ իրենց գործը չի, պետք է քաղաքապետարանը զբաղվի, կառավարություն ենք գնում, էլի նույնն են ասում»,-ասաց նա:

Տիկին Վալենտինան նշեց, որ հանդիպել են Երեւանի ավագանու  «Ելք» խմբակցության անդամների հետ, բարձրացրել խնդիրը եւ նրանք խոստացել են աջակցել բնակիչներին լուծել բնակարանների հարցը:

Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: Բնակարնն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է ընտանիքին տրամարդել 2 տարվա բնակարանավարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանավարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել: