Կուբանում ավտոբուսի վթարի գործով քննությունը որպես կասկածյալ հարցաքննում է վարորդին եւ անհատ ձեռներեցին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեն։
ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, թե քննիչներն աշխատում են այն տուժածների հետ, որոնց առողջությունը թույլ է տալիս հարցեր տալ։
«Որպես կասկածյալներ հարցաքննվում են ավտոբուսի վարորդն ու անհատ ձեռներեց Յուրի Վեչերաձեն»,- նշել է նա։ Նաեւ առգրավվել է «Թամաննեֆտեգաս» ՓԲԸ փաստաթղթերի փաթեթը։ Քննիչները պարզել են, որ ընկերությունը անհատ ձեռներեցի հետ ուղեւորափոխադրումների պայմանագիր էր ստորագրել։
Հիշեցնենք, որ բանվորներին տեղափոխող ավտոբուսը ծովն էր ընկել՝ հերթապահությունից վերադառնալուց հետո։ Զոհվել էր 18 մարդ, այդ թվում երկու հայեր։



























