Լոս-Անջելեսի ոստիկանական վարչությունը հայտնել է դեկտեմբերի 6-ին Նորթ Հոլիվուդում մի խումբ հայերի միջեւ տեղի ունեցած հրաձգությունից զոհվածի անունը: Ըստ ոստիկանների՝ զոհվածը 27-ամյա Դավիթ Խաչիկյանն է:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Լոս-Անջելեսում՝ դեկտեմբերի 6-ին փոխհրաձգություն է եղել մի խումբ հայերի միջեւ: Արդյունքում մեկ մարդ զոհվել էր, եւս մեկը՝ մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել:

Միջադեպը տեղի էր ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում Վիքթորի փողոցում գտնվող McDonald’s ռեստորանի մերձակա ավտոկայանատեղում: Ականատեսների վկայությամբ, 4 անձ տարբեր մեքենաներով մոտեցել են կայանատեղին, ապա սկսել վիճել հայերենով: Քիչ անց դեպքի վայրում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր ժամանած իրավապահները հիվանդանոց են տեղափոխել երկու անձանց: Մոտ 30-ամյա տղամարդը, ով հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի հատվածում, մահացել էր, իսկ մյուսը, ում անունը չի հաղորդվում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Լոս-Անջելեսի ոստիկանությունը դիմել է քաղաքի բնակչությանը դեպքի մասին տեղեկություններ խնդրելով: