Թերթը հայտնում է, որ դեկտեմբերի 7-ին Վրաստանի քրեական գործերով վերաքննիչ դատարանն առանց իսկ նիստ գումարելու «քննել» ու նույնն է թողել առաջին ատյանի որոշումը, որ կայացվել էր Հայաստանի քաղաքացի Արտաշես Մելքոնյանի նկատմամբ:

Հայաստանի քաղաքացի 36-ամյա Արտաշես Մելքոնյանը, Ռուսաստանում ապրող եւ աշխատող Հայաստանի շատ այլ քաղաքացիների նման, վրացական սահմանը Վերին Լարսում հատելուց հետո ձերբակալվել է: Ձերբակալվել ու արդարադատությանը որեւէ առնչություն չունեցող վրացական դատական ատյանի կողմից դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման մի բանի համար, որ չի արել: Ընդ որում, դատավճիռ է կայացվել առանց մի փաստի, հանգամանքի, վկայի, որ հնարավոր կլիներ դնել Արտաշեսի նկատմամբ ներկայացված մեղադրանքի հիմքում:

…Սա առաջին դեպքը չէ, երբ հայերի նկատմամբ վրացական դատարանները հատուկ անգրագիտություն են դրսեւորում, սակայն այս պարագայում այդ մոտեցումը անցնում է բոլոր սահմանները, քանի որ որեւէ հիմք, ապացույց չկա Հայաստանի քաղաքացուն ազատությունից զրկելու եւ դատապարտելու համար: Ավելին, նրան զրկել են նաեւ հարազատների հետ տեսակցության հնարավորությունից, ինչը «ժողովրդավարության կղզյակ» Վրաստանի պարագայում բացարձակապես ապագա տանող իրողություն չէ:

Ցավոք, այս պարագայում էլ միակ հույսը, թե ինչ-որ բան կշտկվի այդ երկրում, Արտաշեսի հարազատները կապում են մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ` ինքնախաբեության մեջ չգցելով իրենք իրենց, թե իբր Հայաստանը կարող է պահանջել իր քաղաքացու հանդեպ արդար մոտեցում: