ՄԻ խումբ ծովահեններ Նիգերիայի ափերի մոտ հարձակվել է  գերմանական բեռնատար նավի վրա ու առեւանգել անձնակազմի վեց անդամներին, այդ թվում կապիտանին։ Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ծովային անվտանգության ապահովման հարցերով զբաղվող Sea Guardian ընկերության մամուլի հաղորդագրությանը։

«DEMETER բեռնատարը ենթարկվել է ծովահենների հարձակմանը հոկտեմբերի 21-ին՝ Նիգերիայի Պորտ- Հարկորթ քաղաքից հարավ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Նշում են, որ նավը  Մալաբո քաղաքից ուղեւորվում էր Մոնրովիա։ Ընկերության տեղեկություններով՝ ութ ծովահեն արագընթաց նավակով հարձակվել են բեռնատար նավի վրա, ծովահենների ազգությունը դեռ անհայտ է։

Reuters գործակալության տեղեկություններով՝ պատանդառված նավաստիների շրջանում կան չորս ֆիլիպինցիներ, նաեւ Ուկրաինայի ու Հունգարիայի քաղաքացիներ, անձնակազմի մյուս 12 անդամներին վտանգ չի սպառնում։

Նավի սեփականատեր Peter Doehle Schiffahrts KG ընկերության ներկայացուցիչները հաստատել են առեւանգման մասին տեղեկությունը՝ նշելով, որ ծովահենները դեռ կապ չեն հաստատել իրենց հետ։