2015-2016 թվականներին պատժից խուսափել է սփայսի գրեթե 50 օգտագործող: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հայտնեց առաջին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով երկու օրենսգրքերում՝ Քրեական եւ Վարչական իրավախախտումների, կատարվող փոփոխությունների օրինագծի քննարկմանը:
Նրա խոսքով՝ սա այն պատճառով է տեղի ունենում, որ խորհրդարանը չի հասցնում ժամանակին ընդունել թմրանյութերի ցուցակի այն լրացումները, որոնք ոստիկանությունը ներկայացնում է այս օրենսգրքերի հավելվածներում: Ուստի ավելի լավ է ընդունել կառավարության որոշումներով, այդպես ավելի արագ է լինում, հավելեց նա: Հակառակ դեպքում մարդը կզբոսնի նոր սփայսը գրպանում, իսկ նրան պատժելն անհնար է, քանի որ տվյալ նյութը դե յուրե դեռեւս արգելված չէ:
Ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկեց միանգամից բոլոր ուղեղը թմրեցնող միջոցներն արգելել՝ լինի դա թմրանյութ, թե ապօրինի հիպնոս: Եղիազարյանն այս առաջարկը չմեկնաբանեց:


























